«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան
Հասարակություն«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Վճռաբեկ դատարանի մոտ։ Նրանք պահանջում են ամբաստանյալների ազատ արձակումն ու Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «Ազատություն քաղբանտարկյալներին և «Սասնա Ծռերին»» գրությամբ պաստառներ:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էլ կրկին պառկեց Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ՝ ի աջակցություն դատապարտյալների:
Նշենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժեց «Սասնա Ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները, որից հետո թեև պողոտան բացվեց, սակայն Ծռերի աջակիցները շրջափակել էին Շենգավիթի դատարանի շենքը, որպեսզի «Սասնա Ծռերին» չկարողանան հանել այնտեղից: Սակայն գիշերը ոստիկանությանը հաջողվել էր շենքից դուրս բերել դատապարտյալներին:
Երեկ «Սասնա Ծռերը» հայտարարություն տարածեցին՝ անդրադառնալով ԱԱԾ-ի այն հայտարարությանը, թե իրենք են խնդրել տեղափոխել իրենց քրեակատարողական հիմնարկներ։ «Սասնա Ծռերը» հերքեցին տեղեկությունը՝ պարզաբանելով, որ նման խնդրանքով չեն դիմել որևէ կառույցի կամ անձի։ Հակառակը՝ ասել են՝ քանի դեռ ցուցարարները դատարանի շրջակայքում են, իրենք մնալու են դատարանում։