Սամվել Բաբայանն ազատ արձակվելուց հետո կմնա Հայաստանում, որ անի այն, ինչ պլանավորել է 2011 թ.-ից սկսած
PoliticalԱրցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր Կառավարության օրոք ազատության մեջ հայտնվելու պարագայում Սամվել Բաբայանը հեղափոխություն չի ծրագրի Արցախում․ «Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է անհիմն պատճառներով, ամբողջովին թխած գործ է, սակայն վստահ եմ նաև, որ Սամվել Բաբայանն ազատ արձակվելուց հետո մտադրություն չի ունենա Արցախում հեղափոխություն իրականացնելու, ինչի վերաբերյալ վերջին շրջանում մտահոգություններ են հնչում»,-ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Խանումյանը՝ նշելով, որ հավանաբար Արցախի հերոս Սամվել Բաբայանն ազատվելուց հետո կցանկանա մնալ Հայատանում և իր պահանջը իշխանությունների համար լսելի դարձնել։
«Սամվել Բաբայանի նպատակը որոշում ընդունողներին համոզելն է՝ որոշակի սպառազինություններ գնել, որոնք անհրաժեշտ են Արցախի պաշտպանունակության համար։ Սամվել Բաբայանը 2011 թվականից սկսած՝ իր այս տեսակետը փորձում է լսելի դարձնել»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ եթե Սամվել Բաբայանն ազատ չարձակվի, արդյո՞ք Արցախում կփոխվեն տրամադրությունները նոր կառավարության վերաբերյալ, պատգամավորը նկատեց․ «Չեմ կարծում, որ Արցախում դրանից հետո տրամադրություններ փոխվեն»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Արցախի հերոս Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ մեկնարկեն նաև Արցախում՝ այնպես, ինչպես դա արվում է Հայաստանում, նրա դատավարության շրջանում, Խանումյանը պատասխանեց․
«Դրա անհրաժեշտությունը չկա, Հայաստանի իշխանությունների հետ կապի հնարավորություն ունենք և կարծում եմ փողոցային ճնշման կարիք չկա։ Մյուս կողմից պետք է նկատեմ, որ քաղհասարակությունը շատ ուժեղ չէ մեզ մոտ, այնպես որ՝ սպասենք դատական ընթացակարգերին»,- նկատեց մեր զրուցակիցը։
Աղավնի Սուքիասյան