Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին
Armenia«Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսի հիմքում ընկած է պատմական հարստությունը նորովի ներկայացնելու գաղափարը: Ցուցադրության մեջ ներառված են Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հերոսների մասին կենսագրական կարևոր փաստեր, անձնական իրեր: Ցուցանմուշներն առավել հետաքրքիր են դարձնում օգտագործված լուսային, ձայնային, վիզուալ և այլ էֆեկտները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշեց, որ 20-րդ դարն աշխարհի պատմության մեջ լի էր բեկումնային իրադարձություններով. հեղափոխություններ, աշխարհամարտեր, գաղութացած ժողովուրդների ազատագրում, գիտատեխնիկական նվաճումներ և այլն: Նա շեշտեց, որ այդ ամենի միջով անցել է նաև հայ ժողովուրդը:
«Տեղի են ունեցել կարևորագույն իրադարձություններ՝ հաղթանակներ, մասնավորապես 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը, որոնց շնորհիվ մենք կարողացանք վերանվաճել այն անկախությունը, ազատությունը, պետական ինքնիշխանությունը, որ դարեր շարունակ փափագել էինք, երազել»,-ասաց Մակունցը:
Նախարարը փաստեց, որ կարևոր է նաև օրվա խորհուրդն այն առումով, որ մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության ծննդյան օրն է և հայ ժողովրդի վերածնունդը: «Մենք մեր սերունդներին ենք փոխանցում անկախության, պետականություն և ինքնիշխանության կարևոր գաղափարը»,-ասաց նա՝ մայիսյան տոների կապակցությամբ շնորհավորելով ներկաներին:
«Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Սաֆարյանն ասաց, որ կարևոր է թարմ հայացքով նայել պատմական հարստությանն ու այն ներկայացնել հանրության լայն շերտերին: «Ցուցահանդեսը դրոշի գույներին համապատասխան բաժանված է երեք սրահի: Կարմիր սրահում ներկայացված է հայ ժողովրդի մղած պայքարը Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում: Կապույտ սրահում ցուցադրված է պետության կայացումը, կառավարության, խորհրդարանի, դատական համակարգի, դիվանագիտական կորպուսի գործունեությունը, իսկ նարնջագույն հատվածում կարելի է տեսնել մշակույթի և տնտեսության զարգացումը»,-ներկայացրեց նա:
Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության արդյունքում: Ներկայացված են թանգարանային մի շարք նմուշներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, կոչեր, որոնք շատ կարևոր նշանակություն են ունեցել: