Փաշինյանը Վրաստանում «ռեսթարթ» պետք է անի հայ-վրացական հարաբերությունները
ՎրաստանԻշխանափոխությունից հետո անհրաժեշտ է փոփոխություններ կատարել հայ-վրացական հարաբերություններում, և այս իմաստով և՛ նախագահ Արմեն Սարգսյանի այցը, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 30-ին կայանալիք այցը, շատ կարևոր են:
Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, վրացական հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը:
«Բոլորը սպասում են, որ հայ-վրացական հարաբերությունները կենացների մակարդակից տեղափոխվի գործնական հարաբերությունների դաշտ: Այս առումով Փաշինյանի և նրա թիմի համար ստեղծվել է լավ հնարավորություն, քանի որ նա գործարար չէ, ի տարբերություն նախորդ իշխանություների, որոնք ինչ-ինչ կապերով կապված էին Վրաստանի և Վրաստանի վերնախավի հետ: Դա վնասում էր ՀՀ-ի պետական շահը, քանի որ բիզնեսմեն քաղաքական գործիչը, ով Վրաստանում լճեր կամ գործարաններ ունի, բնականաբար չէր կարող վրացական իշխանության համար լուրջ հարցեր առաջ բերեր»,-ասաց նա:
Սարգսյանը, որպես հայ-վրացական հարաբերություններ նոր որակին նպաստող հանգամանք, առանձնացրեց վրացական իշխանությունների խիստ դրական վերաբերմունքը Փաշինյանի անձի նկատմամբ. «Հատուկ պետք է նշել, որ նախորդ իշխանությունների նկատմամբ վրացիները նման ընկալում չունեին, նախորդներին ընկալում էին որպես ռուսական դրածոներ»,-նկատեց Սարգսյանը:
ԼՈւՐԵՐ.com-ը Վահե Սարգսյանին խնդեց առանձնացնել այն թիրախային խնդիրների փաթեթը, որը պետք է վրացական կողմին ներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը;
«Տարածաշրջանային տարանցիկ հարցերն են առաջնայինը՝ հատկապես՝ Լարսի այլընտրանքը: Խոսքը գնում է Լարսի փակման դեպքում այլընտրանքային ճանապարհի բացման մասին, որի հետ կապված պատրաստակամություն է հայտնել վրացական կողմը: Որպես թիրախային հարց պետք է ներկայացվի Վրաստանում ապրող հայերի՝ ջավախահայերի հարցը, որը ռազմական անվտանգության մակարդակի հարց է: Իդեալական կլիներ, եթե խոսվեր նաև աբխազական երկաթուղու վերաբացման մասին»,-ասաց Սարգսյանը:
Խոսելով վրացահայության սպասումների մասին՝ Վահե Սարգսյանը նշեց, որ այժմ, երբ հաղթանակել է իրենց թեկնածուն, Վրաստանում ապրող մեր հայրենակիցները սպասում են, որ տարիներով կուտակված և ՀՀ իշխանությունների կողմից մշտապես անտեսված խնդիրներին լուծումներ կտրվեն :
Աղավնի Սուքիասյան