Լիլիթ Մակունցը համարում է, որ Առաջին Հանրապետությանը նվիրված համերգային ծրագիրը կարող էր ավելի հաղթական լինել
Наука и культураՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մայիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակին նվիրված համերգային ծրագրին` ասաց, որ նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու գործարկումը դրական ազդեցություն ունեցան համերգային ծրագրում:
Նա խոսեց նաև բովանդակության մասին ու ընդգծեց, որ տոնի զգացողությունը մի քիչ պակասում էր: Նախարարը շեշտեց, որ կցանկանար, որոշ երգեր ավելի հաղթական լինեին:
«Երբ ստանձնեցի նախարարի պաշտոնը, ինձ այն ժամանակ տեղեկացրեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը համերգային ծրագրի բովանդակության համար պատասխանատվություն չի կրում»,- նշեց նախարարը:
Մայիսի 28-ին Հանրապետության Հրապարակում կայացած համերգային ծրագրում ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, երգչախումբը, Կամո Սեյրանյանը, Սևակ Խանաղյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Հելեն Սեգարան: Համերգային ծրագրում մտածված է եղել յուրաքանչյուր ելույթ և դետալ: Ծրագիրը հագեցված է եղել ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան: