ԱԱԾ-ն զբաղվում է ԱԻՆ-ում արձանագրված երկու կոռուպցիոն դեպքով. Հրաչյա Ռոստոմյան
ՔաղաքականԱրտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ-ն ևս ուսումնասիրություններ է կատարում, և արդեն կան երկու դեպքեր, որոնք գտնվում են այդ կառույցի ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Այս պահի դրությամբ երկու դեպք է արձանագրված, որոնք ուղարկվել են քննության: Քննության ընթացքում կպարզեն բոլոր հանգամանքները»,-նշեց նա՝ չցանկանալով մանրամասնել, թե որ ոլորտներին են առնչվում չարաշահումները և երբ են դրանք կատարվել։
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան նախկին նախարարից մնացած՝ Ռոստոմյանն ասաց, որ նախկին նախարար Դավիթ Տոնոյանից լավ ժառանգություն է ստացել. «Հիմնական խնդիրները հակակարկտային և սեյսմիկ կայանների արդիականացումն է, որոնք մաքսիմալ արագ լուծումներ են պահանջում»,-ասաց նա։
Խոսելով կադրային փոփոխությունների մասին՝ նախարարը նշեց, որ դրանք երբեք ինքնանպատակ չեն եղել. «Մեր նպատակը հետևյալն է՝ եթե անձը բարի համբավ և աշխատելու ցանկություն ունի, բնականաբար, մենք շարունակելու ենք համատեղ աշխատել»։