Պատճառը Հայաստանում կուտակված խնդիրներն են. Գեորգի Պետրոսյանը՝ Ստեփանակերտի իրադարձությունների մասին
ԱրցախԱրցախի Հանրապետության ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ, այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ է՝ քննարկելու հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակը: Խորհրդարանը պետք է ընդունի քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշում:
Խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանն ասաց, թե հասարակության դժգոհության պատճառը վատի կամ լավի մասին ինֆորմացված չլինելն է. «Ո՞վ չգիտի, որ իսկապես պրոբլեմներ ունենք, ո՞վ չգիտի, որ մեր կադրային քաղաքականությունը նորմալ չէ: Ուրեմն պետք է ասվի՝ ընկերնե՛ր, ձեր տեղում չեք, ականջալուր պետք է լինենք մարդկանց: Ի՞նչ վատ բան կա, որ ցուցարարն ասում է՝ հրաժարական պետք է տան: Քաղաքական հարցերը պետք է լուծվեն խորհրդարանում, ոչ թե այս կամ այն կաբինետում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
«Դաշնակցություն» խմբակցությունից Գեորգի Պետրոսյանն էլ նկատեց. «Այսօր կատաստրոֆայի ծայրին ենք. ճգնաժամը հասել է այստեղ: Ի՞նչն էր սրա պատճառը, թերևս խնդիրներն են, որոնք կուտակվել են Հայաստանում, այստեղ: Ասում են՝ թավշյա հեղափոխություն է եղել, բայց ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, եղել է քաղաքական երկրաշարժ հայության մեջ, մեր բոլորի համար: Սովորել ենք լինել բյուրոկրատ՝ մեկը կասի, մենք էլ կանենք, քաղաքական կամքը, քաղաքական մտածողությունը վերացել է: Եկել է ժամանակը քաղաքական կամք ցուցաբերելու, ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկելու, թե չէ ճգնաժամը խորանալու է: Մեր գործողությունը մոբիլիզացիայի խնդիր պետք է լինի, վաղը պատերազմ է, չեք տեսնո՞ւմ»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք՝ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19:15-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:
Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել էր Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։