Բացառում եմ սաբոտաժը
ПолитическиеՆորընտիր Կառավարությունը որդեգրել է առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականություն: Ստուգումներ են իրականացվում խոշոր գործարարներին պատկանող հաստատություններում: Սրան հետևեց այն, որ մի շարք սուպերմարկետների տերեր դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ցանկանալով հանդիպել նրա հետ:
Բանն այն է, որ ընկերությունները ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ ապրանքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները: Բայց նոր կառավարության հայտարարությունից հետո բարձրացրեցին գները, որի հետևանքով ստեղծվեց լարված իրավիճակ, իսկ Փաշինյանը հորդորեց բոյկոտել սուպերմարկետները: Սակայն շատ չանցած՝ բարձրացրված գներն իջեցրին՝ բերելով նախկին մակարդակի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը բացառեց թանկացումները. «Արտասուպերմարկետային փոքր և միջին խանութները, շուկայական այլ ուժեր աշխատում են և, բնականաբար, գների պրեսինգ չի կարող լինել, քանի որ մրցակցային գործոններն աշխատում են: Բոլոր դեպքերում, այսօր գնաճային ճնշումներ նույնպես չկան, լրիվ թիրախավորված ցուցանիշների շրջանակում են: Այս տեսանկյունից՝ որևէ մտահոգության առիթ չեմ տեսնում»,- ասաց նա:
Նշենք, որ այս օրերին կտրուկ գործողություններ էին իրականացվում գործարարների նկատմամբ, ստուգումներ էին անցկացվում նրանց պատկանող հատատություններում, արդյոք դրանք տնտեսությունում ցնցումներ չե՞ն առաջացնի հարցին ի պատասխան՝ տնտեսագետը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ցնցումներ չեն կարող լինել, քանի որ դա շատ փոքր սեգմենտ է: Օրինակ, «Նոր Ֆոլկ» ընկերության կարգոների հետ կապված պատմությունը դեպք է, որի պարագայում ասել, թե ցնցումներ կառաջանան՝ չափազանցություն կլինի: Սաբոտաժը նույնպես բացառում եմ: Թեև ԱԱԾ-ն մեղսագրում և հիմնավորումներ է ներկայացնում մի կողմից կեղծ ձեռնակատիրության գորոծողութունները, հարկային պարտավորույթուններից խուսափելը, բայց մյուս կողմից՝ կան պրոբլեմներ, որոնք ֆորմալ պայմանավորվածությունների դաշտում են եղել նախկին գործադիր իշխանության հետ: ՊԵԿ-ը ներգրավված է եղել, Ֆինանսների նախարարությունը շատ լավ տեղյակ է եղել: Դա, ըստ էության, պայմանավորված է եղել ավելացված արժեքի հարկով, որը կիրառվել է հարկադրաբար, որպեսզի սուպերմարկետները լինեն հավասար մրցակցային դաշտում, բայց մյուս կողմից՝ սուպերմարկետները կարողացել են շրջակայքի փոքր և միջին խանութներին, առևտրային կետերին դուրս մղել դաշտից՝ ստեղծելով անարդար մրցակցություն»,- նշեց Մարգարյանը:
Փաստորեն, գործարարները ստիպված են լինելու տարիներ շարունակ չվճարած հարկերը վճարել: Սակայն տնտեսագետն այն կարծիքին է, որ այս իրավիճակը դժվար թե լարվածություն առաջացնի տնտեսական ոլորտում: Գործարարները վճարելու են 2016թ-ից այս կողմ չվճարած հարկերը, թեև Մարգարյանի խոսքով՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ ամենը տեղի է ունեցել շատ ավելի վաղուց՝ դեռևս 2000-ականներից սկսած: Իսկ այժմ գործարարներից պահանջում են հաշվելի ժամանակահատվածում 2016թ.-ից սկսած՝ չվճարված հարկերը վճարել: