Ֆինանսական չարաշահումներ Գյումրու ծննդատանը․ փնտրվում են մեղավորներ
ՀասարակությունԼՈՒՐԵՐ․com-ին հասած տեղեկություններով, Գյումրու ծննդատանը ֆինանսական չարաշահումներ են կատարվել։ Շիրակի մարզպետարանը ծննդատանը ֆինանսական աուդիտ է իրականացրել և հաշվետվությունը ներկայացրել մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։
Լուրի իսկությունը ճշտելու և այլ մանրամասներ իմանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ։
«Բողոքների հիման վրա աուդիտ ենք անցկացրել․ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ, դրանք հավաքագրել և ներկայացրել ենք դատախազություն․ խախտումների մի մասը հանցակազմ է պարունակում, մյուսները՝ ոչ։ Աշխատավարձի վերաբերյալ ևս չարաշահումներ կան, բայց խոսքը միայն դրա մասին չէ, խախտումները բազմազան են։ Ծննդատանը բավականին խառն իրավիճակ է, հիմա ժամանակավոր տնօրեն է, մինչ այս էլ՝ կարճ ժամանակում, երկու տնօրեն է փոխվել, բայց ասել, թե որի օրոք է եղել խախտումները՝ չենք կարող. քննության ընթացքում կպարզվի»,- ասաց նորանշանակ մարզպետը։
Նշենք, որ Գյումրու ծննդատանը կատարվող չարաշահումներն ունեն տարիների պատմություն։ Դեռևս 2009 թվականին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ծննդատան այն ժամանակվա տնօրեն Վարդան Սարգսյանի դեմ։ Ըստ մեղադրանքի, վերջինս կարգադրել էր ծննդատան գանձապահին աշխատակիցներից յուրաքանչյուրի աշխատավարձից 7000 դրամ պահել, իբրև թե, աշխատանքից ազատված աշխատակիցներին նյութական օգնություն ցուցաբերելու համար։
Լիլիթ Հակոբյան