«Նախորդ գրառման մեջ «կապիտուլյացիա» բառը օգտագործեցի, շատերն անհանգիստ հարցրեցին, թե ինչու՞ եմ նման բան ասում։ Իբր թե՝ «կարողա՞ մի բան գիտես, որ ասում ես»։

Բա իհարկե գիտեմ։ Բա երբ մի ժողովուրդ հանդուրժում է, որ իր հավատքի, իր եկեղեցու դեմ դուրս գան ու բոլոր արժեքները տրորեն, անցնեն։ Բա դա ի՞նչ է։ Երբ իշխանության են գալիս, մեղմ ասած, ոչ կոմպետենտ, անլուրջ, ոչնչով այդ կոչմանը չարժանացած, օտարածին արժեքներով մարդիկ ու բոլորը ծափ են տալիս նրանց, դա ի՞նչ է։ Կապտուլյացիա՞ չէ, երբ հերոսացվում են հայ սպային իր ծառայությունը կատարելու ժամանակ սպանած անձինք։ Գրողը տանի, կապիտուլյացիան էլ ո՞նց է լինում։ Պիտի անպայման թուղթ ստորագրենք Երևանը Ադրբեջանին հանձնե՞նք, որ հասկանանք եղած ողբերգության մասշտաբները։

Նարեկ կարդացեք, սիրելի ընկերներ։ Կարդացեք ու զգուշացեք։

«…Քանզի անզգա անասունների պես մեռնում ենք ու չենք զարհուրում,

Կորչում ենք՝ ու չենք սարսափում,

Թաղվում ենք՝ ու չենք խոնարհում,

Տարագրվում ենք՝ ու չենք տագնապում,

Եղծվում ենք՝ ու չենք զղջում,

Մաշվում ենք՝ ու չենք հասկանում,

Պակասում ենք՝ ու չենք վերալրվում,

Քայլում ենք՝ ու չենք զգուշանում,

Գերվում ենք՝ ու չենք զգում»:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը: