Պարտադիր բաղադրիչն ընդունվեց
Այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկման էր դրված Կառավարության կողմից ներկայացված կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, ըստ որի՝ այս տարվա հուլիսի 1-ից ՀՀ աշխատող բոլոր քաղաքացիներն, ովքեր ծնվել են 1974թ․ հունվարի 1-ից, իրենց աշխատավարձից կուտակային ֆոնդերին կփոխանցեն աշխատավարձի 2,5%-ը, մնացած՝ 7․5%-ը փոխանցում է պետությունը տվյալ մարդու հաշվին։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք միշտ սկզբունքորեն դեմ են եղել պարտադիր կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչին, սակայն նոր փոփոխությունները հուսադրող են:
«Մենք կքվերակենք կողմ, պայմանով, որ կշարունակենք քննարկումները կառավարության հետ՝ պարտադիր բաղադրիչը հանելու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանն արտահայտեց իրենց կողմնորշումը։
«Հարգելի գործընկերներ, մենք մեր սկզբունքային դիրրքորոշումն արտահայտել ենք․ ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պահպանում է նախկինի հետ համեմատած բարելավում, բայց չի լուծում կարևորագյուն հարցը՝ պարտադիր բաղադրիչի հանումը, որի դեմ մենք պայքարել ենք տարիներ շարունակ։ Այդ պարտադիր բաղադրիչն առաջացնում է լուրջ խնդիրներ, խափանում և խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, անձի սեփականության իրավունքը և ստիպում է, որ մարդն այսօրվա իր սոցիալական հարցերը թողնի և անի խնայողություն վաղվա համար։ Այս հիմնական 3 հարցերը լուծվածչեն, ուստի մենք ձեռնպահ կլինենք»։
ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեցին 79 պատգամավոր, 7-ը ձեռնպահ էին, դեմ էին 2-ը։ Օրենքն ընդունվեց։
ՀՀԿ-ից ոչ ոք չարտահայտվեց։ Նրանք, ըստ երևույթին, լռելյայն կողմ քվեարկեցին։