«Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով բավականին լավատեղյակ է, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում Էջմիածին քաղաքում, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի օր է՝ մարդիկ գալիս են իր մոտ և պատմում, թե տարբեր տարիների ընթացքում իրենց հետ ինչպես է վարվել Մանվել Գրիգորյանը, ինչեր է խլել ու քանիսին դժբախտացրել:
Նա նաև նշեց, որ այս ընթացքում իրեն արդեն մոտ 30–ից ավելի մարդ է դիմել, որպեսզի խորհրդակցի, թե ինչ անի: Դիմողներից մեկն անգամ նրանից խնդրել է երաշխավորել իրեն ու իր ընտանիքին, քանի որ դեռ վախը սրտներում է, թե մանվելականները ոստիկանություն դիմելու համար կարող է հաշվեհարդար տեսնեն նրա ու ընտանիքի հետ:
«Ես նրան երաշխավորեցի, որ օրենքի շրջանակներում քննություն կիրականացվի, բայց ես ինչպե՞ս կարող եմ նրա ընտանիքի անվտանգությունը պաշտպանել: Ես համոզված եմ, որ այն, ինչ տեղի էր ունենում, այլևս չի շարունակվի: Բայց տարիների այս հալածանքը, անարդարությունը, որը կար մեր քաղաքում, պետք է վերացվի: Այն վիճակն է եղել, որ հիմա մարդիկ չեն պատկերացնում, որ իրենց բողոքը տեղ կհասնի, իրենց իրավունքները կվերականգնվեն»,– ասաց նախկին պատգամավորը:
Նրա խոսքով, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ իմացել են, թե Էջմիածին քաղաքում ինչ վիճակ է, բայց միայն ինքն է տարիներ շարունակ պայքարել նման երևույթների դեմ, բայց այն ժամանակների ոստիկանությունը, դատախազությունը և անվտանգությունը աչք են փակել այդ ամենի վրա: Հ. Հակոբյանը «Փաստ»–ին պատմեց նաև, որ իրեն դիմածները պատմել են, թե ինչպես է մի տախտակի համար Մ. Գրիգորյանի որդին ծեծել ու ստորացրել Այծեմնիկ գյուղի աշխատողներին, որոնք աշխատել են, բայց այդպես էլ աշխատավարձ չեն ստացել: «Հիմա էլ իրենցից փող ուզողներից ուրիշ եղանակներով են հաշվեհարդար տեսնում: Ու չնայած Էջմիածինն արդեն շնչում է, և ուզում է նմանվել Հայաստանի բոլոր քաղաքներին, որ չտառապեն մի խումբ մարդկանց ձեռքին: Ես կարծում եմ, որ հիմա մեծ խնդիր է դրված իրավապահ մարմինների առջև: Եվ նրանք պետք է յուրաքանչյուր քաղաքացու դիմումն ուսումնասիրեն ու ցույց տան, որ իրականում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովրդի բարձրացրած ցանկացած հարց պետք է քննության առնվի ու լուծում ստանա, որպեսզի այս ամենը մնացած բոլոր օրինախախտների համար դաս լինի, իսկ մարդիկ էլ համոզվեն, որ Էջմիածին քաղաքում օրենքը գործում է»,– ասաց Հ. Հակոբյանը:
Նա նաև հավելեց, որ այս օրերի իրադարձություններից հետո ինքը թեև չի հանդիպել Մ. Գրիգորյանի որդուն՝ կրտսեր Գրիգորյանին, ով նաև օրերս է հրաժարական տվել քաղաքապետի պաշտոնից, բայց իր ղեկավարման տարիներին, ըստ նախկին պատգամավորի, հարյուրավոր միլոնների հասնող գումարներ է յուրացրել, որի մասին ինքը բարձրաձայնել է դեռևս տարիներ առաջվանից մինչև նրա հրաժարական տալը:
«Ես այդ մասին ասել եմ իմ ելույթների ժամանակ, որ ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր միլիոնների են հասնում այդ գումարների յուրացումները: Եվ եթե իշխանությունները պետք է հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն չստուգեն, չպարզեն, թե ուր են այդ գումարները և հասարակությանը չտեղեկացնեն այդ մասին, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել»– ասաց Հ. Հակոբյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում