Սեպ մի՛ խրեք Հիմնադիր խորհրդարանի և նոր Կառավարության միջև. ՀԽ քարտուղարություն
ՔաղաքականՀիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը.
Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տեղական ավազակաբարո «իշխանիկների» և զինված հրոսակախմբերով օժտված օլիգարխների ու քրեական հեղինակությունների վնասազերծման ուղղությամբ ձեռնարկած կտրուկ միջոցառումներին:
Հանուն իր իշխանության հարատևման, նախկին վարչախումբը ոչ միայն իրեն էր ծառայեցրել պետական ուժային կառույցները, այլև ձևավորել էր զինված հրոսակախմբեր, իսկ Հայաստանի առանձին շրջաններում` ներդրել ֆեոդալական բնույթի հարաբերություններ:
Հետևաբար՝ առաջիկա ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացման երաշխիքը ոչ միայն կտրուկ բարելավված ընտրական օրենսգրքի ու կուսակցությունների մասին օրենքի որդեգրումն է, այլև, առաջին հերթին`տեղերում քաղաքացիներին ֆիզիկական և հոգեբանական ստրկացման հասցրած ֆեոդալական դրվածքի ամբողջական կազմաքանդումը, ինչպես նաև՝ հրոսակախմբերի վնասազերծումը:
Արցախը համարելով Հայաստանի անբաժանելի մաս և հաշվի առնելով մեր Հայրենիքի այս տարածքի ներկայացրած ռազմավարական նշանակությունը, Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը խիստ կարևորում է անցնող երկու ամիսներին Արցախում իրականացված բոլոր դրական գործընթացները, ներառյալ՝ Արցախյան ազատամարտի կեղծ հերոսների վարած ժողովրդին ստրկացնելու քաղաքականության դեմ վերջին ամիսներին Արցախում ծավալված պայքարը:
Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն