Ինչ պետք է անել, որպեսզի հակառակորդն արկածախնդրության չդիմի
АрменияԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարություն է արել, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են «օկուպացված տարածքների ազատագրմանը» և նշել է, որ քաղաքական բանակցություններն իրենց գործը չեն և իրենց նպատակը բանակը պատերազմին պատրաստելն է:
Այս թեմայով ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արցախի ՊԲ խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով նշեց, որ Ադրբեջանի պետական գործիչները մշտապես այդպիսի հայտարարություններ են անում, բացի հայտարարություններից հայոց պետականության նկատմամբ իրականցնում են ահաբեկչական քաղաքականություն՝ զորքերի կուտակումով, դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական ուղղություններով, սակայն արվում է ամեն ինչ, որպեսզի անառիկ պահվեն մեր սահմանները և տարածաշրջանում խաղաղություն պահպանվի:
«Բազմիցս բարձրաձայնել ենք մեր և միջազգային հանրությանը և այսուհետ էլ անելու ենք հնարավորը, որպեսզի ռազմավարական նախաձեռնողականությունը ամուր պահպանենք: Սրանից է կախված՝ հակառակորդը դիմելու է արկածախնդրության, թե՝ ոչ»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ սա սպառնալիք է և նրանք մշտապես նման սպառնալիքներ հնչեցվում են:
«Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը համապատասխան արձագանքի պետք է արժանացնի նման ահաբեկչական և աննորմալ հայտարարությունները, որովհետև սա ոչ այլ ինչ է՝ քան ցեղասպան քաղաքականության, ահաբեկչության, ֆաշիզմի դրսևորում: Միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել նման շիզոֆրենիկ հայտարարություններին: Մեր արձագանքը լինելու է այն, որ անելու ենք ամեն ինչ, որ մեր բանակը ուժեղ և մարտունակ լինի»,-ասաց ՊԲ խոսնակը:
Դավիթ Բաբայանը կարևորեց միջազգային հանրության հստակ դիրքորոշումը, որպեսզի նման ապակայունացում չթույլատրվի, նաև անդրադարձավ զենքերն արդիականացնելու խնդրին և նշեց, որ ՊԲ-ն էլ ունի շատ արդիական զենքեր և շարունակելու է արդիականացնել զինտեխնիկան: Միևնույն ժամանակ, նշեց.
«Խնդիրը միայն զենքով չէ, մենք, իհարկե, շատ մեծ կարևորություն պետք է տանք այս ամենին: Մեր ուժը կայանում է մեր ոգու ամրության մեջ: Հակառակորդը առավել է՝ նյութական առումով, բանակի թվաքանակով, բնակչությամբ, տնտեսությամբ այլ հարթություններով, որոնց մենք դժվար թե գոնե մոտ ապագայում կարողանանք հասնել կամ գերազանցել, բայց ոչ նյութական պարագայում՝ մեր հաստատակամությամբ, մեր ուժով մենք շատ ավելի ուժեղ ենք, քան թշնամին: Սա է մեր հաղթանակների գրավականը»,-ասաց Բաբայանը:
Ադրբեջանի արտգործնախարար Հիքմեթ Հաջիևը հայտնել էր «Մեծ վերադարձ» ծրագրի մասին, որը նախատեսում է տեղահանված ադրբեջանցիների վերադարձը հայկական հողեր:
«Նրանք ամեն օր դա երազում տեսնում են, փայփայում, բայց սա չի նշանակում, որ իրենք կհաջողեն: Սա կախված է մեզանից՝ ինչքանով ենք մենք պատրաստ ինչքանով ենք մենք միասնական. դրա համար էլ ամեն ինչ անում են, որ թուլացնեն մեզ: Մեր նպատակը Ադրբեջանի ժողովրդի ոչնչացումը չէ: Մենք պարզապես ուզում ենք ազատ ապրել մեր երկրի վրա: Իրենց նպատակը ոչնչացնելն է Արցախը, Հայաստանը, հայ ժողովրդին: Մենք դա լավ ենք հասկանում և չպետք է դառնանք իրենց նման բորենի: Մենք շարունակելու ենք ամեն ինչ անել մեր երկրի զորացման համար, միայն պետք է լինենք միասնական»,-ասաց Բաբայանը:
Սահմանային իրավիճակի վերաբերյալ Դավիթ Բաբայանը նշեց, որ վերջին օրերին որևէ փոփոխություն չկա սահմանին: