Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)
Политические«Բավականին աշխույժ և բուռն քննարկումներ ենք ունեցել զանազան կարգավորումների վերաբերյալ»,- Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Նա վստահեցրեց, որ որևէ շփոթ չի առաջանա նույն նպատակով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության հետ.
«Մենք կոնտակտի մեջ ենք նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ և որոշակի փուլից, երբ մեր կառավարական հանձնաժողովը կունենա ամրագրված հայեցակարգ, կհանդիպենք, փաստաթուղթը կքննարկենք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, կունենանք հանրային քննարկումներ»։
Նա ընդգեց՝ իր տպավորությամբ խորհրդարանական ձևաչափով աշխատանքային խումբը սպասելու է կառավարությանն առընթեր հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթին։
Խոսելով նախընտրական շրջանում բարեգործությունների մասին, Միրզոյանը նշեց. «Մենք աչքկապոցի չենք անելու։ Եթե կա խնդիր, մենք պետք է գանք այդ խնդրի լուծման ճանապարհով։ Եթե նախընտրական շրջանում տրակտոր է նվիրվում, ապա ակնհայտ է, որ դա արվում է հենց նախընտրական շրջան լինելու պատճառով: Մենք մեզ չենք խաբելու և ոչ ոքի չենք խաբելու։ Հիմա իրավիճակ է փոխվել և եկել ենք այդ հարցերը լուծելու: Թույլ չենք տալու ոչ մեկին խաբել ժողովրդին և անել քարոզչություն, այսպես ասած, ընտրակաշառքի տեսքով և դա վերագրել բարեգործության»,- ասաց Առաջին փոխվարչապետը։
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ նշեց՝ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի վերաբերյալ քննարկումներ եղել են. «Շատ կարևոր է, թե որքանով են այդ հանձնաժողովի մոտեցումները տեղ գտնելու Ընտրական օրենսգրքում: Մենք գիտենք, որ նախորդ անգամ Օրենսգիրքն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, սակայն բազմաթիվ խորհուրդներ այդպես էլ տեղ չեն գտել դրանում»,- ասաց նա: