ԱՄՆ-ում թույլատրել են մարիխուանայի հիմքով դեղամիջոցը
СШАԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության վարչությունն առաջին անգամ թույլատրել է դեղամիջոց, որը արտադրված է մարիխուանայի հիմքով, հայտնում է Associated Press գործակալությունը։
Epidiolex դեղամիջոցը նախատեսված է բնածին էպիլեպսիայի երկու հազվագյուտ տեսակներով հիվանդներին օգնելու համար։ Ջղաձգությունները նվազեցնող դեղամիջոցը փորձարկվել է 500 կամավորների վրա, այն իրենից ներկայացնում է ելակի համով օշարակ։
Դեղամիջոցի հիմնական բաղադրիչը կաննաբիդոլ քիմիական նյութն է, որը մտնում է կանեփի բաղադրության մեջ։ Կաննաբիդոլն ինքնին թմրածություն չի առաջացնում ։ Թե հատկապես ինչպես է այն նվազեցնում ջղաձգությունների ինտենսիվությունը, բժիշկները դեռ մինչև վերջ չեն հասկացել։
Դեղամիջոցի արտադրությունը աշնանն է սկսվելու։
ԱՄՆ-ում բժշկական մարիխուանան օրինական է համարվում 29 նահանգներում՝ ընդ որում դրանցից իննում թույլատրված է նաև դրա ռեկրեացիոն գործածումը։ Ըստ դաշնային օրենսդրության՝ մարիխուանա պահելն ու դրա գործածումը ցանկացած նպատակների համար ապօրինի է համարվում։