Բասկետբոլի հավաքականը խաղերը կարող է ուրիշ երկրում անցկացնել.Արթուր Նազարյան
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության նախաորակավորման փուլի խաղերը կարող է չանցկացնել Երևանում:
«Նախօրեին ՖԻԲԱ-ից նամակ ստացանք, որ «Միկա» մարզահամալիրում չենք կարող հավաքականի խաղերն անցկացնել: Խնդիրները կապված են զամբյուղների և լուսատախտակների հետ: Եթե մինչև սեպտեմբերի 16-ը կարողանանք այդ հարցը լուծել, ապա կկարողանանք այստեղ խաղալ, եթե ոչ` ապա ուրիշ երկրում պետք է անցկացնենք հանդիպումները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Լրագրողների հարցին, թե որքան գումար կպահանջվի նոր լուսատախտակի և զամբյուղների համար, Նազարյանը փաստեց, որ մոտ 60-70 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստանի ընտրանին Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարում պայքարը կսկսի սեպտեմբերի 13-ին՝ արտագնա խաղում մրցելով Ավստրիայի հետ: Այնուհետև` սեպտեմբերի 16-ին, ազգային ընտրանին Երևանում ուժերը կչափի Մեծ Բրիտանիայի թիմի հետ:
Որոշ դադարից հետո հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 2-ին՝ Երևանում մրցելով Ավստրիայի ընտրանու հետ, իսկ 2019 թվականի փետրվարի 21-ին թիմը վերջին խաղում կմրցի Մեծ Բրիտանիայի հավաքականի հետ Լոնդոնում: