Ի՞նչ ճակատագիր է սպասվում Վիգեն Սարգսյանին. իրավիճակը պայթյունավտանգ է
ՎերլուծականՊաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում էր, սակայն նա, ինչպես և սպասվում էր, խուսափեց Պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ խոսելուց: Հարցին՝ արդյոք ինքը հրավիրվե՞լ է հարցաքննության, Վիգեն Սարգսյանը չպատասխանեց. «Ես այսօր մասնակցում եմ Ընտրական օրենսգրքի քննարկումներին»,-ասաց նա:
Վերջին օրերին ՊՆ-ում այս կամ այն ոլորտին առնչվող չարաշահումների բացահայտումները սովորական երևույթ են դարձել: Ինչպես երևում է՝ Վիգեն Սարգսյանը զգում է, որ բացահայտումների շղթան այս կամ այն կերպ հասնելու է նաև իրեն: Դա զգում են նաև Վիգեն Սարգսյանի հարազատ կուսակցությունում, որտեղ Կարեն Կարապետյանի՝ առաջին փոխնագահի պաշտոնից հեռանալուց հետո աթոռը դեռ թափուր է: ՀՀԿ-ական կուսակցության մի թևն այստեղ ցանկանում է տեսնել հենց Վիգեն Սարգսյանին: Գուցե այլ իրավիճակում Սերժ Սարգսյանն էլ չընդդիմանար սեփական կադրին նման պաշտոն վստահելու հարցում, սակայն այսօր իրավիճակն այլ է, եթե չասենք՝ պայթյունավտանգ: ՊՆ-ում սկսած բացահայտումները, միևնույնն է, հասնելու են Վիգեն Սարգսյանին, և Սերժ Սարգսյանը դա գիտակցում է: Դրա մասին է վկայում նաև այն, թե ինչ ճակատագրի են վերջին օրերին արժանանում Պաշտպանության նախկին նախարարները՝ մեկը կանչվում է հարցաքննության, մյուսի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվում:
Սերժ Սարգսյանը չունի որևէ երաշխիք, որ հաջորդն այս շղթայում ԱԱԾ-ն կամ Գլխավոր դատախազությունը չեն թակի հենց Վիգեն Սարգսյանի դուռը: Իսկ եթե բանը բանից անցնի և նրան կալանավորելու որոշում կայացվի՞…Հասկանում եք, չէ՞, որ այդ դեպքում խոսելու են ոչ թե ՊՆ նախկին նախարար, այլ ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին, ինչը էլ ավելի մեծ հարված կհասցնի ՀՀԿ՝ առանց այդ էլ սասանված հեղինակությանը: Այստեղից եզրակացություն՝ Սերժ Սարգսյանը չի գնա նման ռիսկի: Ավելի հավանական է, որ նա կնախընտրի ՀՀԿ առաջին փոխնագահի պաշտոնում հաստատել վերահսկելի անձի, ում գլխին, սակայն, դամոկլյան սրեր կախված չեն լինի: Եթե այդպիսիք ՀՀԿ-ում դեռ մնացել են…
Ստելլա Խաչատրյան