Կրոնագետը՝ աղանդավորական կազմակերպությունների և նրանց պաշտոնյա անդամների մասին
Հասարակություն«Կյանքի խոսք» կրոնական կառույցը, որը Մայր Աթոռի կողմից հաստատվել է որպես աղանդ, իր դրսևորումներն է ունենում նոր իշխանության մեջ: Մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատել է, որ այդ կրոնական կազմակերպության հետևորդ է, և դա իր հավատն է:
Բացի դրանից, արդեն մի քանի օր է՝ հասարակության շրջանում շրջանառվում է, որ Հայաստանում հեղափոխության հետևում կանգած է «Կյանքի խոսքը»: Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացու կրոնական պատկանելությունը չպետք է ազդի նրա կատարած աշխատանքի վրա՝ անկախ նրանից, թե որտեղ է աշխատում:
Ինչ վերաբերում է «Կյանքի խոսքի» հնարավոր միջամտությանը՝ կրոնագետը նկատեց, որ դրա հետևորդների քանակը չի կարող հավակնել նման զանգվածային միջոցառումների իրականացմանը և որևէ վտանգ չի կարող լինել, եթե այդ կառույցին հարեն քաղաքական գործիչներ:
Նա նշեց, որ ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի ընտրելու, թե ինչ կրոնի դավանի:
«Երկրի էթնիկական փոքրամասնության և կրոնական փոքրամասնության խճապատկերը ազգի ճակատագիրն է: Ուզենք թե ոչ՝ վաղվա օրը կախված է նրանից, թե ինչպիսի խճապատկեր կձևավորվի»,-ասաց Խաչատրյանը:
Նա, խոսելով նաև աթեիզմի մասին՝ նշեց, որ այն համարում է հավատի տարատեսակ: Քանի որ ապացուցված չէ Աստծո գոյությունը, մարդն ինքն է որոշում՝ հավատա՞, թե՝ ոչ:
Արմինե Արմենակյան