Բա Շանթ Հարությունյանին ե՞րբ են ազատ արձակելու
AnalyticalԲնական հարցադրում է, որ ուզես, չուզես, մեկ էլ առաջանում է։ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո հանրությունը սպասումներ, ակնկալիքներ ուներ եւ ունի տարբեր ոլորտներում։ Եվ առաջինների մեջ ակնկալիքներ էր, որ բոլոր քաղկալանավորներն ազատ կարձակվեն։ Ճիշտ մոտեցում որդեգրվեց՝ գործընթացը կազմակերպել իրավական, օրինական ճշգրիտ ձեւակերպումներով՝ ազատ արձակման յուրաքանչյուր որոշումը հստակ փաստարկելով, հիմնավորելով։ Այստեղ Շանթի պարագայում որոշակի բարդություն, այո՛, ունենք, քանզի նրա նկատմամբ կա ուժի մեջ մտած դատավճիռ։ Բայց, վիճակն անելանելի չէ։ Անկեղծ լինենք։ Երբ մայիսի 8-ից հետո քննարկվում էր, թե ովքեր ազատ կարձակվեն, առաջիններից մեկը հիշատակվում էր Շանթ Հարությունյանի անունը։ Նկատի էր առնվում, որ նա զենք չի կիրառել, իր մասնակցությամբ միջադեպի ժամանակ զոհեր չեն եղել։
Հիշենք՝ Շանթը մեղավոր է ճանաչվել 2013-ի նոյեմբերի 5-ի դեպքերի մասով, երբ Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ սկսել կամեցող ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ եղան։ Այդ եւ դրան նախորդող օրերի տեսանկարահանունմներից հնարավոր էր դառնում առնվազն կասկածներ ունենալ, որ բախումները սադրել էին հենց ոստիկանության ներդրած սադրիչները, իսկ Շանթն ամեն կերպ փորձում էր խուսափել բախումից։ Կադրերում երեւում էր, թե ինչպես Շանթի կողքին նախորդ եւ այդ օրը հայտնված քաղաքացիական հագուստով ցուցարարներից ոմանք բախման ժամանակ անցան ոստիկանության կողմը։
Գործը վերանայելու օրենսդրական հիմք միշտ էլ կա։ Հարցը հնարավոր է լուծել նաեւ համաներման միջոցով, ինչի կարիքը, կարծես վաղուց կա մեր երկրում։ Դրա կիրառումը բարոյական դրական նշանակություն էլ կունենա։ Հակառակ պարագայում կարող է հանրային կարծիք ձեւավորվել, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվում ընտրանքային մոտեցմամբ։ Ազատության մեջ հայտնվում են նրանք, ում նկատմամբ հնարավոր է վերահսկողություն հաստատել, ում կարելի է ներքաշել այս կամ այն կուսակցության քաղաքական խաղերի մեջ։ Ազատության մեջ հայտնվում են նրանք, ովքեր պատրաստ են շնորհակալություն հայտնել եւ շնորհակալ լինել իրենց նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից։ Շանթի նման խենթն, ուրեմն, պետք է հավերժ տուժա՞ծ մնա։ Տեսակ է՝ նա ներում չի հայցի, իր կարգավիճակի փոփոխության դեպքում որեւէ մեկի նկատմամբ պարտավորվածության զգացում չի ունենա, միշտ կասի ու կանի այն, ինչ ճիշտ կհամարի։ Մի՞ թե այդ տեսակն արժեք չէ։