Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ Զեյնալյան
ArmeniaՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրում է.
Խորապես սգում եմ Նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Այսօր առավոտյան տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով (փլուզվել է ՊՈԱԿ-ի քիվը) ունենք նաև երկու վիրավոր, որոնցից Մուշեղ Հարությունյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը՝ Գրիգոր Մարտիրոսյանը, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Դեպքի վայրում լինելուց հետո այցելեցի նաև «Էրեբունի» ԲԿ, զրուցեցի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի հետ: Տեղեկացա, որ Գրիգորի գիտակցությունը տեղն է, բժիշկների հսկողության տակ, այս պահի դրությամբ կոնսերվատիվ բուժում է իրականացվում և վիրահատության կարիք չկա:
Ապավինում եմ բժիշկների գիտելիքներին և շուտափույթ ապաքինում եմ ցանկանում նրան:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաջորդիվ պարզվել էր, որ փլուզվել էր Արշակունյաց պողոտա 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տանիքը, որի հետևանքով ողբերգական մահով մահացել էր կենտրոնի աշխատակից Արայիկ Կարապետյանը, 2 հոգի էլ տեղափոխվել էին հիվանդանոց: