Գտել են անհետ կորած համարվող Կոմիտաս Սարգսյանի դին
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչ, 1956 թվականին ծնված Կոմիտաս Մկրտչի Սարգսյանի դին Գեղարքունիքի մարզի փրկարարները եւ համագյուղացիները գտել են այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Լեռնակերտ-Մադինա բնակավայրերի սահմանաբաժանին: Ինչպես տեղեկացրեց Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանը, Կոմիտաս Սարգսյանն անհետացել էր երեկ ժամը 11-ից եւ որոնվում էր որպես անհետ կորած:
«Երեկ կեսօրից նրան որոնում էին փրկարարները, ոստիկանները եւ հարազատներն ու համագյուղացիները: Նախնական վարկածով՝ նա գնացել է անասունների ետեւից եւ ցած գլորվել բարձր ժայռից ու մահացել: Նրա դին տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության, որի ընթացքում էլ պարզ կլինի ամեն ինչ: Կոմիտասն ամուսնացած է եղել երկու անգամ, ունեցել 6 երեխա: Նա բանվոր էր, անասնապահ ու հողագործ, շատ համեստ, խելացի անձնավորություն: Կարծում եմ, նրա մահը զուտ անզգուշության արդյունք է»,-նշեց համայնքի ղեկավարը: