Ո՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը
АналитическийՀայաստանի տնտեսական զարգացման հիմնական արգելք և խոչընդոտ այս պահին չկա: Օրինակ՝ նույն Սաշիկ Սարգսյանն այլևս չի կարող ներդրողներին պարտադրել նրանց բիզնեսում փայ մտնել, մենաշնորհներն արգելված են, կոռուպցիան պետական մակարդակով արգելված է, նույնիսկ ԱԱԾ-ն է պատրաստ աջակցել յուրաքանչյուր առանձին ներդրողի, որ հանկարծ որևէ մեկը չհամարձակվի նրան նեղացնել: Մինչդեռ ոչ միայն ներդրումային բում չկա, այլ տեղի են ունենում խիստ մտահոգիչ իրադարձություններ, որը կարելի է բնորոշել որպես կապիտալի արտահոսք, ավելի շուտ փախուստ: Բացի այդ, մեկ այլ մտահոգիչ տենդենց է նկատվում՝ ԿԲ համապատասխան վիճակագրությունից պարզ է դառնում, որ Հայաստանում տեղի ունեցած հանրահայտ իրադարձությունների պատճառով երկրի բանկերից միայն մեկ ամսվա ընթացքում դուրս բերված 45 մլրդ դրամի մեծագույն մասը չի վերադարձվել Հայաստանի բանկային համակարգ՝ չնայած այն հանգամանքին, որ հնչում էին կարծիքներ, թե երբ երկրում իրավիճակը հանդարտվի ու կանխատեսելի դառնա, բանկերից իրենց ավանդները դուրս բերած քաղաքացիները կրկին այդ գումարները կվերադարձնեն հետ:
Այս ամենի մասին չէր կարող չիմանալ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ով վերջերս ԱԺ-ում իմպերատիվ հայտարարություններ էր հնչեցնում, իբրև թե մարդիկ դոշակների տակ էին փողերը դրել, հետո վերադարձրել են բանկերին: Փաստորեն, այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Ո՞վ է դուրս բերել այդ գումարները, ի՞նչ նպատակով՝ հարցեր են, որոնց պատասխանները Ջավադյանն անշուշտ ուներ, մնում է հասկանալ՝ նա գիտակցված կերպո՞վ է հանրությանը և իշխանություններին մոլորության մեջ գցում, թե՞ հույս ուներ, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, հիմա, երբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է՝ վերոնշյալ գումարները ինքնաբերաբար պետք է վերադառնան: Սակայն հույսերը կարծես թե չեն արդարանում: Գաղտնիք չէ, որ վեջին շրջանում բավական թեժացել են խոսակցությունները՝ կապված հավանական լայնամասշտաբ պատերազմի վտանգի հետ, ինչն ակհայտորեն կարող է ռիսկային հանգամանք դառնալ նրանց համար, ովքեր ունեն փող ու ցանկանում են համոզված լինել դրա ապահովության հարցում: Պատճառներից մյուսը կարող է լինել տոտալ անվստահությունը Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ: Ընդ որում. այդ անվստահության պատճառների մասին Ջավադյանը ևս լավատեղյակ է, դրանցից մեկն էլ նրա երկարատև կառավարումն է՝ Ջավադյանն այն եզակի պաշտոնյաներից է, ով հին Հայաստանից անչափ հարմարավետ կերպով տեղափոխվեց Նոր Հայաստան՝ պահպանելով իր աթոռը…