Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ)
ՀասարակությունՍյունիքի մարզում խմելու ջրի փոխարեն ցեխաջուր է գալիս խողովակներից․ Ագարակ համայնքի բնակիչներն են ահազանգում: Նրանք տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերի իրենց էջերում:
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց տեղաբնակ Արթուր Ստեփանյանի հետ, ով ոչ միայն կեղտոտ ջրից խոսեց, այլև պատմեց «Վեոլիա Ջուր» ընկերության հետ իր չստացված համագործակցության մասին։ Բանն այն է, որ Արթուրը ցանկացել է իր ուժերով ջրագիծ քաշել, դիմել է ընկերությանը, որտեղից իրեն 14 կետից բաղկացած պայմաններ են ուղարկել, որոնք բավարարելուց հետո միայն ինքն իրավունք կունենա ջրագիծ քաշել ու դառնալ ընկերության բաժանորդ։ Իսկ եթե ընկերությունն անցկացնի ջրագիծը՝ այն կարժենա 753 000 դրամ։
Քաղաքացին ասում է, որ իր հաշվարկներով, այդ ծախսը պետք է կազմեր 100 հազար դրամից ոչ ավել։
«Ընկերության ներկայացուցիչն էլ է եկել, ինձ հետ միասին տարածքում չափագրումներ է անցկացրել, նա էլ մոտավոր հաշվեց և ասաց, որ կկազմի 70-100 հազար դրամ։ Միասին էինք, երբ ստացանք «Վեոլիա Ջրի» պատասխանը, իրենց ներկայացուցիչն էլ էր ապշած ներկայացված գներից»,- պատմեց Արթուրը։
Իսկ շագանակագույն ջուրը, Արթուրի պատմելով, ձմռան ամիսներին է լինում։ Խողովակները սառչում են ցրտից, բնակիչները մնում են առանց ջրի։ Ստիպված՝ խողովակները տաքացնում են, որպեսզի սառույցը հալվի, հալված ջուրն էլ լինում է այդ գույնի։
«Դիմել ենք «Վեոլիա Ջրին», բայց մեր խնդրին լուծում չի տրվել։ Ակնկալում ենք պատկան մարմինների արձագանքը»,-ասաց Արթուր Ստեփանյանը։