Կլինի՞ նոր «Էլեկտրիկ Երեւան». էլէկտրաէներգիան կարող է թանկանալ
АналитическийՀայաստանի էներգետիկ ոլորտում առաջացած մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը մոտ ժամանակներս կարող է ոչ թե էժանանալ, այլ հակառակը՝ թանկանալ. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մասնավորապես հայտարարել էր, որ ՀԱԷԿ–ի գործարկման յուրաքանչյուր 1 օրվա ուշացումը Հայաստանի համար 220 մլն դրամ կարժենա։ Բացի այդ հոկտեմբերի 2-րդ կեսից համակարգի պահանջարկն ու սպառումը կավելանա մինչև 800-900 ՄԳՎտ, և այդ հզորությունը ստիպված ենք լինելու լրացնել ջերմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին, որի սակագինը 4 անգամ ավելի թանկ է: Սակագնի թանկացմանը կարող է հանգեցնել նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Խոսքը հայկական ատոմակայանի համար ռուսական վարկի վերադարձի ապահովման մասին է: Բանն այն է, որ ռուսական վարկի վերադարձի գումարը ներառվելու է սակագնի մեջ:
Ստացվում է՝ առկա են բոլոր հիմնավոր և օբյեկտիվ պատճառները, որոնք կարող են հանգեցնել սակագնի թանկացման: Այլ խնդիր է՝ ե՞րբ կլինի այդ թանկացումը, արտահերթ խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: Եթե սակագինը թանկանա ընտրություններից հինգ պակաս՝ դա լուրջ հարված կլինի նոր կառավարությանը, քանի որ կդիտվի իբրև ոչ պոպուլյար քայլ, հանրությանը այդ դեպքում այնքան էլ չի հետաքրքրում՝ իսկ ունե՞ր կառավարությունը նման իրավիճակից խուսափելու հնարավորություն, թե ոչ: Նման որոշումը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև նոր «Էլեկտրիկ Երեւանի», հատկապես հիմա, երբ հանրության մեջ կարծրացած է այն մտայնությունը, որ փողոցում կարող են լուծվել ցանկացած բարդության հարցեր: Առիթից էլ իհարկե կօգտվեն այն ուժերը, որոնք պատեհ պահ են փնտրում հակահեղափոխության համար: Հետևաբար ռիսկերը մեծանում են, և առավելագույնը ինչ այս պահին կարող է անել կառավարությունը դա սակագնի թանկացման հետաձգումն է՝ առնվազն հետընտրական շրջան, որտեղ մի շարք ներքաղաքական հարցեր արդեն իսկ լուծում ստացած կլինեն: