Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան
Всемирная прессаՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է: Այդ մասին նա հայտարարել է «Եվրոռադիո»-ին տված հարցազրույցում:
«Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ մենք մեծ ներուժ ունենք, և մենք պետք է այն կյանքի կոչենք: Իհարկե, մենք մտահոգություն ունենք Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքի առնչությամբ: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Եվ գիտեք, այդ խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանը և Բելառուսը ռազմաքաղաքական գործընկերներ են ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա կարծում է, որ կհաջողվի համոզել Բելառուսին այլևս զենք չվաճառել Ադրբեջանին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ սխալ է ասել, որ Հայաստանը փորձում է համոզել:
«Մենք բացատրում ենք այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Մենք հարգանքով ենք վերաբերում Բելառուսի շահերին, և հուսով ենք, որ Բելառուսը հարգանքով է վերաբերում Հայաստանի շահերին: Ցավոք, մեզ համար նման գործունեությունը (Ադրբեջանին Բելառուսի կողմից զենքի վաճառքը) անընդունելի է, և ես ցանկանում եմ այդ մասին ուղիղ ասել»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Ռադիոկայանը հիշեցնում է, որ այն մասին, որ Բելառուսը Ադրբեջանին վաճառել է «Պոլոնեզ» համազարկային կրակի համակարգեր, հայտնի է դարձել հունիսին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Ադրբեջանի հրթիռային զորքերի զորամասի բացմանը: Միջոցառման լուսանկարներում եղել են նաև բելառուսական «Պոլոնեզները»: