Առանց լումա ծախսելու արել ենք ավելին, քան նախկինում արվել է տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով. Փաշինյան
Политические«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում, բոլոր հանդիպումների ժամանակ հստակ արձանագրել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ դա մեր հավատամքն է, և վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Երկրորդ արձանագրումն այն է, որ երկար տարիներ Եվրամիությունն ասել է, որ արևելյան գործընկերության երկրների հետ ինքը հարաբերվում է «ավելին ավելիի դիմաց» բանաձևով, ավելին՝ վերաբերվել է հռչակված արժեքներին. ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, թափանցիկություն, կոռուպցիայի դեմ պայքար»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Եվրամիության հայտարարությանը, ըստ որի՝ պատրաստվում են Հայաստանին աջակցել ինչ-որ ձևով, Փաշինյանը նշեց. «Ես այս համատեքստում իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ Եվրամիրության առաջարկած բանաձևը չի աշխատում հենց Եվրամիության քաղաքականության համար և ինձ համար տարակուսելի է, որ Եվրամիության մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, որ իրենք ինչպես նախկինում, այժմ ևս Հայաստանում ակնկալում են փոփոխություններ»,- նշեց նա:
Վարչապետի համար զարմանալի է, որ Եվրամիությունում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում եղած փոփոխությունները. «Ես ասել եմ, որ այսօրվա կառավարությունը մեկ-երկու ամսում, առանց լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության ու Հայաստանի կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով»,- հայտարարեց Փաշինյանը: