Լևոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը
НКԱրցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խորհրդակցությունների շրջանակներում հուլիսի 21-ին, կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Լևոն Մնացականյանը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական ճակատում իրականացվող պատասխանատու առաքելության մեջ։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը, ինչպես նաև հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մտքեր են փոխանակվել միջգերատեսչական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է համատեղ ջանքերի կարևորությունը՝ հանրապետության անվտանգային խնդիրների լուծման և հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին միջազգային լսարանին և համապատասխան միջազգային կառույցներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու գործում։
Հանդիպման վերջում Լևոն Մնացականյանը պատասխանել է պաշտպանության բնագավառին առնչվող ներկաների բազմաթիվ հարցերին։