Թևան Պողոսյանը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակահարմարության մասին
Political«Հայաստանը պետք է հասկանա՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը իր շահերից է բխում, թե ոչ. այնտեղ կարող է գնալ՝ ինչ-որ բան սովորել, վերցնել կամ փոխանակել։
Եթե այնտեղ լինելու են խնդիրներ որոնք կարող են մեր դեմ շահարկվել, բնականաբար, Հայաստանը պետք է իր շահերից որոշում կայացնի և չմասնակցի»,-այս մասին 1-in.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորվարժություններին։
Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը համագործակցություն պայմանագիր ունի, որի շրջանակներում կլինեն այլ հնարավորություններ դրական փորձ վերցնելու, որը կբխի Հայաստանի շահերից։
«Հուսով եմ, որ նոր իշխանությունները որոշում կայացնելիս կաշխատեն ոչ միայն թափանցիկ և հաշվետու, այլ նաև հիմնավորելով, որը մեկնաբանումների տեղիք չի տա։ Եթե ՆԱՏՕ-ի զորավարժությունները ֆինանսավորում է Ադրբեջանը կամ Թուրքիան՝ գնալու ենք, մասնակցե՞նք, կամ եթե այնպիսի սցենար է, թե ինչպես Վրաստանից հարձակվել հայկական գյուղի վրա՝ գնալու ենք, մասնակցե՞նք։ Նորից եմ կրկնում՝ մասնակցելու որոշումը պետք է կայացվի Հայաստանի շահերից ելնելով»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ այդ հարցով պետք զբաղվեն միայն համապատասխան ինստիտուտները, որոնք լավ գիտեն, թե Հայաստանի զարգացմանն այդ մասնակցությունը ինչքանով կնպաստի։