Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի ՊԲ-ինը չեն. Լևոն Մնացականյան
ԱրցախԳեներալ Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն: Այս մասին այսօր Ստեփանակերտում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված ավտոմեքենաների խնդրին:
«Չեմ հասկանում՝ որտեղի՞ց նման վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա: Համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները հայտարարել են, որ այդ մեքենաները տալիս են ԵԿՄ-ին՝ այդ մեքենաներից օգտվելու համար»,- ասաց նա։
Մնացականյանը վստահեցրեց՝ Պաշտպանության բանակին նվիրաբերած մեքենաները գտնվում են ՊԲ հաշվեկշռում: