Ո՞վ է մութ սենյակում սև կատու փնտրում
ՎերլուծականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ռուսալեզու «Եվրասիա դեյլի» պարբերականին տված հարցազրույցին, որի ընթացքում նախարարի հնչեցրած մի շարք կոշտ հայտարարություններ ադրբեջանական լրատվամիջոցները դիտարկել էին իբրև Հայաստանի կողմից ռազմական գործողություններ սկսելու սպառնալիք: Փաշինյանը հայտարարել է, որ Դավիթ Տոնոյանն ամեն ինչ ճիշտ է արել: Եթե, իհարկե, վարչապետի այս խոսքերը վերաբերում էին Տոնոյանի հարցազրույցին, ապա ամեն ինչ հասկանալի է: Սակայն Փաշինյանի այս խոսքերի մեջ կարելի է տեսնել պատասխան նաև Տոնոյանի՝ Փանիկի դեպքերի շուրջ արված հայտարարությանը: Այն ժամանակ Տոնոյանը հայտարարել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից կատարված քայլն ընդամենը թյուրըմբռնման հետևանք է:
Մինչդեռ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում իրերը կոչեց իրենց անուններով՝ ռուսների պահվածքը Փանիկում գնահատելով իբրև բացահայտ սադրանք: Դրանից հետո ինտրիգների սիրահարները սկսեցին խոսել վարչապետ-նախարար հարաբերություններում որոշակի անհասկացվածության կամ հակադրության մասին: Որոշներն անգամ փորձեցին տպավորություն ստեղծել, որ Տոնոյանը մասնագիտորեն սրբագրել է Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունը: «Տոնոյանն ամեն ինչ ճիշտ է արել»–ը ենթադրում է, որ ամեն ինչ ճիշտ է արել նաև ինքը՝ Փաշինյանը: Այսպիսով, վարչապետն արդարացնում է թե՛ իրեն, թե ընդգծում այն հանգամանքը, որ իր և Դավիթ Տոնոյանի հարաբերություններում որևէ լարվածություն չկա և պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել…
Այս ամենով հանդերձ, մի բան ակնհայտ է. այն գործիչների հետ, որոնք կհանդգնեն խարիզմայի կամ լիդերության հատկանիշներ դրսևորել՝ Փաշինյանն այսքան բարեկամաբար չի վարվի: Իսկ Տոնոյանն այս պահին ոչ միայն Փաշինյանի կաբինետի առանցքային դերակատարներից մեկն է, այլև այս տեսանկյունից շահեկան դիրքում է՝ նա արտաքուստ քաղաքական հավակնություններով աչքի չի ընկել…