Մասսայական թունավորում Սպիտակում. թիրախում երեխաներն են
ՀասարակությունՍպիտակի Սարամեջ համայնքում մասսայական թունավորման դեպք է գրանցվել, երեխաներ են հոսպիտալացվել Սպիտակի բժշկական կենտրոն: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սարամեջի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հուլիսի 15-ից մինչև երեկ պարբերաբար երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց և բոլորի մոտ ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա: Իսկ թե ո՞րն է թունավորման իրական պատճառը, դեռևս պարզ չէ: Գլխավոր վարկածը գյուղի ջրի աղտոտվածությունն է:
«12 երեխա բուժօգնություն է ստացել հիվանդանոցում: Թունավորման պատճառը, ըստ մեզ՝ կամ ջուրն է, կամ սնունդը: Չնայած՝ պետք է ասեմ, որ երեխաները տարբեր թաղամասերից են և նույն ջրից չեն խմել: Բոլոր երեխաների մոտ առկա են աղիքային ինֆեկցիայի նշաններ: Այսօր նոր դեպքեր չեն գրանցվել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ, բարեբախտաբար, երեխաների վիճակը գնալով բարելավվում է:
Նշենք, որ Սարամեջի համայնքապետի հետ զրուցել է Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ հանձնարարելով քայլեր ձեռնարկել գյուղի ջրի մաքրման ուղղությամբ, ինչպես նաև հորդորել բնակիչներին ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո:
Սոնա Հարությունյան