ՀՅԴ-ն դո՞ւրս կգա կոալիցիայից
АналитическийՀՅԴ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք:
Երեկ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիների լռությունը խախտել էր հենց ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում, ինչին այնքան էլ մեծ ուշադրություն չդարձրին: Սակայն այսօր ՀՅԴ ղեկավարությունը անում է արդեն անչափ առարկայական հայտարարություն, որը կարելի է դիտարկել և Քոչարյանի պաշտպանությանը միտված ժեստ՝ հաշվի առնելով, որ 1998-ից ի վեր Քոչարյանն ու ՀՅԴ-ն բարիկադների միևնույն կողմում էին, և այսպիսով, Դաշնակցությունը դուրս է գալիս արված լավության տակից: Մյուս կողմից՝ այս հայտարարությունն անչափ անտրամաբանական է՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն այսօր կոալիցիոն կառավարության մաս է:
Սա ակնհայտ ուղերձ է Նիկոլ Փաշինյանին, որ մոտ ապագայում կոալիցիոն գործընկերների առվակները կարող են տարբեր հուներով ընթանալ, ասել է թե՝ Դաշնակցությունը ակնարկում է կոալիցիայից դուրս գալու հավանականության մասին: Այն, որ Փաշինյանի գործողություններից դաշնակցականներն այնքան էլ գոհ չեն՝ ակնհատ է: Այս համատեքստում անչափ հետաքրքիր է դառնում Ռոբերտ Քոչարյանի երեկվա պատասխանը քաղաքական գործունեությունը վերսկսելու հավանականության մասով: Ըստ էության, Երկրորդ նախագահը չբացառեց իրադարձությունների նման զարգացումը: Հետևաբար, հարց է առաջանում՝ իսկ ո՞րն էր լինելու այն ուժը, որի վրա քաղաքական դաշտում ակտիվանալու դեպքում պետք է հենվեր Քոչարյանը: Գուցե ՀՅԴ-ն… Տարիներ շարունակ գործող արատավոր քաղաքական համակարգի լեգիտիմությունն ապահոված քաղաքական ուժերից մեկը հենց ՀՅԴ-ն էր, և հենց ՀՅԴ-ն էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների նախօրեին կոալիցիոն հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ։ Հետևաբար, ՀՅԴ-ն նաև որոշակի մտահոգություններ ունի՝ կապված քաղաքական պատասխանատվության հետ և դա է պատճառը որ այսօր որոշել է դրսևորել իրեն վերջին տարիներին ոչ բնորոշ սկզբունքայնություն: