Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքում է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը
ՌուսաստանԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Փառք Աստծո, ամեն բան կարգին է: Նա պլանային բուժում է անցնում»,- ասել է երգչի քույրը՝ հավելելով, որ Կոբզոնն այժմ նստած սուրճ է խմում կնոջ և բուժքրոջ հետ:
«Ինչպես կարելի է մեզ այդպես ծաղրել: Ես հիմա զանգում եմ մեր բոլոր հարազատներին, քանի որ նրանք բոլորը շոկի մեջ են»- հավելել է նա:
Կոբզոնի մոտ առողջական խնդիրները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ: 2005-ին նրա մոտ բժիշկները օնկոլոգիական հիվանդություն էին հայտնաբերել, ինչից հետո երգիչը վիրահատություններ և քիմիաթերապիայի կուրսեր էր անցել:
Երգիչը հիվանդանոց էր տեղափոխվել անցած շաբաթ: