Հայաստանում ժամագործության ոլորտը զարգացել է․ ժամագործության դպրոց բացելու անհրաժեշտություն կա
ОбществоՎերջին 10 տարիներին Հայաստանում ժամագործության ոլորտը բավական մեծ զարգացում է ապրել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում «Կազանչյան» ընկերության հիմնադիր, Ժամագործների ֆեդերացիայի նախագահ Րաֆֆի Կազանչյանը:
«Հայաստանում արդեն 10 տարի է այս ոլորտում եմ աշխատում և կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում այն բավական զարգացում է ապրել՝ թե խանութների, թե ցուցադրման մեթոդների, թե անունների առումով, ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսօր սփյուռքում կան հայեր, ովքեր զբաղվում են ժամացույցների արտադրությամբ, վերանորոգմամբ և այլն: Հայերը բավական մեծ ներդրում ունեն շվեյցարական ժամացույցի արտադրության մեջ»,-ասաց Րաֆֆի Կազանչյանը:
«Կազանչյան» ընկերության հիմնադիրը կարևոր է համարում Հայաստանում ժամագործական դպրոցի բացումը: Ըստ նրա՝ պետք է մասնագետներ հրավիրել Շվեյցարիայից, որոնք ժամագործության վարպետության դասեր կանցկացնեն:
«Այս դեպքում ոլորտը կարող է զարգանալ: Մենք դրսում ունենք լավ հայ մասնագետներ: Այսօր Հորդանանում, Սիրիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում կան հայ ընտանիքներ, որտեղ երկու, երեք սերունդ ժամագործությամբ է զբաղվում, այդ նույնը կարող ենք ունենալ Հայաստանում»,-ասաց Րաֆֆի Կազանչյանը:
Խոսելով հայկական ժամացույցների պահանջարկի մասին՝ Րաֆֆի Կազանչյանն ասաց, որ հայկական արտադրանքը բավական պահանջարկ ունի սփյուռքահայության շրջանում: