Ջավախքում տեղի կունենա հայ-վրացական բարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարք
ՎրաստանՋավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղում 2018թ. օգոստոսի 12-ին տեղի կունենա հայ-վրացական բարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարք` ի կարևորություն երկու ժողովուրդների միասին անցած հազարամյա ուղու: Այս մասին տեղեկացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:
Միջոցառումների շարքը կսկսվի ժամը 11:00-ին Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագի մատուցմամբ, որից հետո կկատարվի խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները կբաժանվեն ժողովրդին: Այնուհետև տեղի կունենա համերգ Կողտաբերդ ամրոցում, որտեղ ելույթ կունենան Դամալա գյուղի պարի համույթը, Ասպինձայի անսամբլը և Հայաստանից ժամանած կատարողներ:
Կողտաբերդի միջոցառմանը կհաջորդի վերականգնված աղբյուր-հուշարձանի hանդիսավոր բացման արարողությունը: 19-րդ դարի վերականգնված աղբյուր-հուշարձանի բացման արարողության ավարտին Դամալա գյուղի պարի համույթը ներկաներին կհամախմբի հայկական ավանդական, տոնական շուրջպարի ներքո՝ օրն ամփոփելով մշակութային շնչով և ոգով: