Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։ 

Primenews.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարց ու պատասխանը։

-Պարոն Ազարյան, Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներակայցնի։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։

-Սոցիալական ցանցերում քննարկվում է կայացված որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Հասարակության մի լայն զանգված հիասթափված է ձեր կայացրած որոշումից։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման բուռն արձագանքը։

-Գիտեք, ես ոչ հասարակության պատվեր եմ կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության։ Ես առաջնորդվում եմ օրենքով միայն և ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով։

-Ի՞նչ եք կարծում՝ ինչ ընթացք կունենան իրադարձությունները, եթե, այնուամենայնիվ, որոշումը դատախազությունը բողոքարկի։

-Ես չեմ կարող ասել ոչինչ։ Կբողաքարկե՞ն, թե՞ չեն բողոքարկի, բողոքարկելու դեպքում ի ՞նչ հեռանկար է սպասվում։ Ես չեմ կարող կանխատեսել վերադաս դատարանի որոշումը։

-Պարոն Ազարյան, ի՞նչ եք կարծում, եթե այլ դատավոր քններ գործը, ի՞նչ որոշում նա կկայացներ։

-Ցանկացած դեպքում ցանկացած դատավոր պետք է առաջնորդվի ոչ թե իրավիճակի փոփոխությունով, այլ օրենքով միայն։

Զրուցեց՝ Լաուրա Անտոնյանը

Նյութի աղբյուրը՝ primenews.am