Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված
ArmeniaԳյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքների հարցով օգոստոսի 16-ին խորհրդակցությունն էր հրավիրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին բոլոր այն կառույցների պատասխանատուները (հեռահաղորդակցություն, կապ, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, նախագծողներ), որոնք կապ ունեն շինարարական աշխատանքների հետ:
Խորհրդակցության ընթացքում քաղաքապետը անդրադարձավ շինաշխատանքների ընթացքին, առաջ եկած խնդիրներին, տեղում պատասխանատուների հետ քննարկեց դրանք, ինչին հաջորդեցին հանձնարարականները: Պատասխանատուներն իրենց հերթին առաջ քաշեցին իրենց հուզող հարցերը, որոնք ևս քննարկվեցին տեղում: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության որոշմամբ փոխվել է աշխատանքների վերահսկողություն խմբի ղեկավարը. այսուհետ այն կղեկավարի Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը: Խմբում ընդգրկված են ինչպես ավագանու անդամներ, քաղաքապետարանի, այնպես էլ մարզպետարանի ներկայացուցիչներ:
«Սա արվել է նրա համար, որ աշխատանքները լինեն ավելի թափանցիկ, ու նվազեցվեն ռիսկերը: Եթե նույնիսկ հետագայում անհրաժեշտ լինի նոր մարդկանց ընդգրկել, կընդգրկենք նորերին, քանի որ աշխատանքը շատ է»,- նշեց Սամվել Բալասանյանը:Քաղաքապետն անդրադարձավ նաև փողոցներում տեղադրված տաղավարներին:
«Տաղավարները շատ-շատ են: Այս պահին արդեն 10 տաղավար ենք քանդել, որոնք տեղադրված էին կանաչ գոտիներում: Կան անհատներ, որոնք այդ պատճառով քաղաքապետարանին դատի են տվել»,- տեղեկացրեց քաղաքապետը:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքապետը ներկաներին հորդորեց աշխատել կանոնակարգված, պահպանել քաղաքաշինական բոլոր նորմերը, աշխատանքների համար նախատեսված ժամանակացույցը: