Մեզ խոստացել են ոռոգման ջուրը ավելացնել. Սևանը բացել, որ ջուրն այստեղ հասնի. Գեղակերտի համայնքապետ
ՏնտեսությունԱյսօր Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչները, համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանի գլխավորությամբ, փակել են Երևան-Արմավիր մայրուղին՝ բողոքելով ոռոգման ջրի խնդիրից։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Գեղակերտի համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը նշեց, որ ճանապարհը փակ է եղել ընդամենը 10 րոպե։
«Բնակիչների պահանջով եկել է ՋՕԸ-ի տնօրեն Սուրեն Սեդրակյանը և խոստացել մինչև վաղը ջրի հարցը լուծել: Եթե չլուծեն, մենք նորից ոտքի կկանգնենք։ Բայց կարծում եմ՝ լուծում կունենանք»,-ասաց Առաքելյանը։
Համայնքապետը նշեց, որ տարվա այս շրջանը ելակի սածիլների տնկման շրջանն է, որի համար ջուր է անհրաժեշտ։
«Բնակիչները պետք է սածիլ անեն, իսկ ջուր՝ չկա։ Մեզ խոստացել են ոռոգման ջուրը ավելացնել. Սևանը բացել, որ ջուրն այստեղ հասնի»։