Եղեգնուտի համայնքապետը հրաժարական կտա միայն իրենից ներողություն խնդրելու դեպքում
ArmeniaԱրմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում կրկին բողոքի ցույցեր են։ Բնակիչները համայնքապետարանի մոտ պահանջում են Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը՝ իրենց 34 տարվա ղեկավարին մեղադրելով ֆինանսական չարաշահումների, թալանի և ոչ ճիշտ կառավարման մեջ:
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում համայնքապետ Մարգարյանը նշեց, որ զրպարտություն է իր հասցեին հնչող մեղադրանքները։
«Եկել են, բնակիչների շրջանում հարցում անցկացրել, որի մասին ես 4 օր հետո եմ իմացել։ Հետո մարզպետարանից, դատախազությունից ստուգումներ են իրականացրել։ Մեր գյուղում կոռուպցիա չի եղել»,-ասաց Մարգարյանը։
Անդրադառնալով իր հրաժարականի դիմումին՝ նշեց, որ հուլիսի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն հաջորդ օրը ավագանու հորդորներով դիմումը ետ է վերցրել։
«Մարզպետը տեղյակ է, որ ես հրաժարավել եմ դիմումից»,-ասաց համայնքապետը։
Նա նկատեց, որ դիմել է դատարան՝ մարզպետի՝ օգոստոսի 27-ի որոշումը (ԺՊ նշանակելու) կասեցնելու համար։
«Այս պահին մարզպետի կողմից ԺՊ նշանակված Ռազմիկ Մկրտչյանը և Աշոտ Խուրշուդյանն են ցույցերի կազմակերպիչները, այսինքն՝ «քեռի-եգյան»։ Նրանք բոլորը մի մարդ են, բոլորն իրար բարեկամ են։ Այնտեղ մանկավարժներ կային, աշխատող մարդիկ կային և դպրոցական երեխաներ, որոնց դպրոցից կտրել-բերել էին, որոնցից մեկն էլ մանկավարժի երեխա էր։ Նրանց մոտ պաշտոն զբաղեցնելու մոլուցք է»,- նկատեց Մարգարյանը
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ՝ համայնքապետը պատասխանեց, որ հրաժարական կտա այն դեպքում, երբ բոլորը, ովքեր իր հասցեին սխալ լուրեր են տարածել՝ ներողություն խնդրեն։
«Ես ունեմ 1600 ընտրող։ Իսկ ակցիային անչափահասներ և դրսից մարդիկ են հիմնականում մասնակցում։ Ես սրբորեն աշխատել եմ։ Մեր բյուջեում կա 160 մլն դրամ․ կոռուպցիոները իր բյուջերում 160 մլն չի պահում։ Համայնքներից քանիսի՞ բյուջեում այդքան փող կա»,- ավելացրեց Մարգարյանը։
Նշենք, որ համայնքի ղեկավարը ԼՈւՐԵՐ․com-ին ուղարկեց ԺՊ Ռազմիկ Մկրտչյանի՝ ավագանու արտահերթ նիստ հրավիրելու ծանուցագիրը, որտեղ ակնհայտ սխալներով գրված ծանուցման մեջ նշվում է, որ օրակարգի հարցերից է լինելու համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը։
Ծանուցագրի օրինակը ներկայացնում ենք ստորև՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին: