«Ուրախ պարում էինք ու մեկ էլ...». թեժ սահման
ՏեսանյութերՆախօրեին՝ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը նշեց, որ հակառակորդը գյուղի ուղղությամբ կրակել է 5-7 րոպե:
«Էական վնասներ չունենք: Գիշերը հանգիստ է անցել, ճանապարհը բաց է եղել: Այս պահին էլ համայնքում հանգիստ վիճակ է, խուճապ չկա, մարդիկ սովոր են, գիտեն՝ ինչպես պահել իրենց: Իրենց ամենօրյա սովորական գործերին են անցել: Առավոտյան երեխաները նորմալ դպրոց են գնացել»,- ասաց Սահակյանը:
Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում. «Սեպտեմբերի 2-ից հետո արդեն երեք-չորս նման միջադեպ է գրանցվել, հիմնականում երեկոյան ժամերին՝ 15-20 րոպե տևողությամբ»,- նշեց համայնքապետը:
Սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում են վախի մթնոլորտում: Ստորև ներկայացված տեսանյութը դրա վառ ապացույցն է: Տեսանյութում Վազաշեն համայնքի երեխաներն են, որոնց զվարթ և ինքնամոռաց պարն ընդհատվում է ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով:
«Ուրախ պարում էինք ու մեկ էլ... Այսպիսին է երեխաների անդորրը Վազաշենում»,- գրել է տեսանյութը հրապարակած օգտատերը:
Ահա այսպես է անցնում սահմանամերձ համայնքների բնակիչների օրը:
Սոնա Հարությունյան