Իսկ հայկական ֆուտբոլը ի՞նչ է շահելու...
AnalyticalԻնչպես հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Ուշագրավ է հատկապես կայքում ներկայացված Գործկոմի ապագա կազմը, որը, մեղմ ասած՝ տարակուսելի է: Դժվար է պատկերացնել՝ արդյո՞ք նախարար Սուրեն Պապիկյանն է թողնելու իր ազգանվեր գործը և լծվելու հայրենական ֆուտբոլի զարգացմանը, թե՞, օրինակ, նախարար Արսեն Թորոսյանը, ով դեռ իր նախարարությունից գլուխ չի հանել:
Կամ գուցե Ալեն Սիմոնյանը գիտի այն, ինչ չգիտեն ոլորտի մասնագետները. եթե ոչ նա, ապա գործկոմի կազմում ներառված Հենրիխ Մխիթարյանի մայրը պետք է որ իմանա՝ ֆուտբոլային մարդ է ամեն դեպքում: Էլ ավելի տարակուսելի է ՀՖՖ գործկոմի կազմում թարգմանչի ներառումը, կամ, օրինակ՝ Սուրեն Աբրահամյանի, ով հանդիսանում է գեներալ-մայոր, իսկ ինչ էլ ավելի ուշագրավ է՝ նաև «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
ՀՖՖ գործկոմի նորաթուխ կազմը, որը դեռ պետք է ընդունվի՝ կազմված է մեծամասամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից: Սա մի ձեռագիր է, որն առավելապես բնորոշ էր նախկին համակարգին և նույն Ռուբեն Հայրապետյանին, որից այսօր փորձում են փրկել ՀՖՖ-ն: Հենց այս ձեռագրի պատճառով էլ մեր ֆուտբոլն այսքան տարի շարունակում է մնալ «կաղ բադիկի» կարգավիճակով: Այսօր, փաստորեն, մեկ «թայֆային» փոխարինելու է գալիս մյուսը՝ իսկ հայկական ֆուտբոլը դրանից ի՞նչ է շահելու…
Ս.Խաչատրյան