Թրամփի պայմանը՝ Նիկոլ Փաշինյանին
AnalyticalԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորանքն ինքնին արտառոց չէ, եթե հաշվի չառնենք այն շեշտադրումները, որոնք արվել են ԱՄՆ նախագահի կողմից: Մասնավորապես, Թրամփը, խոսելով տնտեսական համագործակցության ծավալների ավելացումից՝ սահուն անցում է կատարում մոտ ամիսներին Արցախյան հակամարտության լուծման համար բացված հնարավորություններին:
Սպասվում էր, որ ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո պետք է մտնեին որակապես նոր փուլ, ինչը կարտացոլվեր նաև Արևմուտքից ավելացող ֆինանսական աջակցության ծավալներում: Նման օժանդակության բացակայությունը շատերը պայմանավորում էին պաշտոնական Երևանի՝ Կրեմլի հետ համագործակցությունից չհրաժարվելով, ինչպես նաև մի շարք ռևերանսներով, որոնք այս վերջին շաբաթների ընթացքում Երևանը կատարել է Մոսկվայի ուղղությամբ:
Ըստ էության, տեղի է ունենում այն, ինչի մասին վաղուց էինք խոսում: ԱՄՆ տնտեսական պրեսինգը Հայաստանի նոր կառավարության նկատմամբ՝ ունի հստակ նպատակ՝ հասնելու Արցախի հարցում որոշակի բեկման, սակայն Հայաստանի նոր իշխանություններն ակնհայտորեն «ոտը կախ են գցում» այս հարցում: Բեկումը, այն էլ մի քանի ամիսների ընթացքում, ենթադրում է զիջումներ, և հենց զիջումների է, որ հայկական կողմին պարտադրում են գնալ՝ փոխարենն առաջարկելով տնտեսական համագործակցության խորացում՝ ինչպես դա եղավ Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Ամերիկյան օժանդակության գինը նշվեց անձամբ ԱՄՆ նախագահի կողմից: Ի դեպ, ուշագրավ է նաև, որ չնայած հայկական կողմի ջանքերին՝ փոխվարչապետի՝ ԱՄՆ կատարած պատմական այցի և ԱԳՆ ղեկավարի ունեցած հանդիպումների ՝ Փաշինյան-Թրամփ երկկողմ հանդիպումը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում չի կայանա: Այս հանդիպումն ավելի շատ անհրաժեշտ էր հենց հայկական կողմին՝ Փաշինյանի միջազգային վարկանիշի բարձրացման համար, սակայն արդյո՞ք ԱՄՆ-ը ցանկություն ունի զբաղվել Հայաստանի նոր վարչապետի PR-ով, առավել ևս՝ այն պարագայում, երբ ամերիկյան կողմի նախանշած՝ համագործակցության խորացման պայմանը չի կատարվում…
Ս.Խաչատրյան