Ոստիկանությունը չպե՞տք է գնա ահազանգով. Օսիպյանն՝ ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի
Right«Այսօր քվեարկեցի հանուն մեր երեխաների, հանուն լավ, բարեկագ, գեղեցիկ և օրինապաշտ Երևանի»։ Այս մասին ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նա այս ընտրարշավը որակեց աննախադեպ, քանի որ, ըստ ոստիկանապետի՝ նախընտրական շրջանի ժամանակ չի արձանագրվել որևէ կոպիտ խախտում։
«Ոստիկանությունն իրականացրել է համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ, և դրական ենք գնահատում ոստիկանների աշխատանքը։ Այսօր էլ ստացել են համապատասխան հրահանգներ, ցուցումներ և համապատասխան այդ ամենին՝ իրականացում են ծառայությունը»,-ասաց ոստիկանապետը։
Անդրադառնալով երեկ՝ Աջափնյակ շրջանում ԲՀԿ գրասենյակի խուզարկությանը, Օսիպյանը նշեց, որ ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակներում և փաստն ուսումնասիրության մեջ է։
Անդրադառնալով ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե դա սուտ մատնություն է, և ոստիկանապետը չի տիրապետում իրավիճակին՝ Օսիպյանն ասաց․
«Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որին մենք չենք տիրապետում։ Ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանում օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգի դեպքում ուսումնասիրություն է իրականացվում։ Եթե ահազանգ ենք ստանում, ի՞նչ եք կարծում՝ ոստիկանությունը չպե՞տք է գնա ահազանգով»։