«Ի՞նչ է, կարծում եք՝ էդ ֆուտբոլի ֆեդերացիան տենց գիտական աշխատություն գրե՞լ ա». Ռուբեն Հայրապետյան
ՍպորտԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 22-ին, 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ, ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, չնայած, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները, կանոնադրության համաձայն, պետք է կայանային հաջորդ տարվա փետրվարին։
Ավելին՝ ընտրություններից մեկ օր առաջ աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որի դիմումը, ի դեպ, ընդունեց հենց ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը:
Երկար տարիներ ՀՖՖ-ն ղեկավարած և իրեն անփոխարինելի համարող Ռուբեն Հայրապետյանն անգամ չմասնակցեց ֆեդերացիայի նախագահի ընտրությունը՝ իր տեղը զիջելով Արթուր Վանեցյանին, այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում պարբերաբար կրկնում էր՝ «Ինձանից բացի ոչ մեկին չեմ տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում, ով կարող է արդյունավետ ղեկավարել կազմակերպությունը»։
Բայց հիմա, կարծես թե, նույն կարծիքին չէ ՀՖՖ նախկին նախագահը: Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե 16 տարի իր ղեկավարած ֆեդերացիան որքանո՞վ արդյունավետ կարող է ղեկավարել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, կհաջողի՞ արդյոք, թե՞ ոչ՝ պատասխանեց .«Ի՞նչ է, կարծում եք՝ էդ ֆուտբոլի ֆեդերացիան տենց գիտական աշխատություն գրե՞լ ա, կամ մաթեմատիկական բարդ աֆորիզմներ հորինե՞լ ա: Եթե Արթուր Վանեցյանը կարողանում ա ԱԱԾ կառույցը ղեկավարել, ապա ֆուտբոլի ֆեդերացիան աչքերը փակ էլ կղեկավարի, ինչի՞ մասին ա խոսքը»: