Սև ու սպիտակ արդարադատություն
АналитическийՀաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Հայաստանում ինչ ասել է «կասեցրած» գործ: Իսկ քրեական գործը, ըստ էության, կասեցվել է՝ որպես մեղադրյալ ոչ մի անձ չհայտնաբերելու պատճառաբանությամբ։ Նշված որոշումը, մեղմ ասած, տարակուսելի է, որովհետև քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների բռնություն կիրառելու փաստը արձանագրված է տարբեր տեսանյութերում։
Էլ ավելի տարօրինակ է այն հանգամանքը, որ Սարի Թաղի քրեական գործի կասեցումից անմիջապես հետո մեղադրանք է ներկայացվել Լյովա Երանոսյանին՝ հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար: Ինչպես երևում է` խնդիրը կրկին հատուկ միջոցների կիրառման օրինականությանն է վերաբերում: Սակայն մի դեպքում՝ մեղավորներին ոչ մի կերպ չեն կարողանում գտնել, մյուս դեպքում՝ մեղավորին հանրությանը ներկայացնում են սկուտեղի վրա: Թերևս պատճառն այն է, որ Սարի Թաղում ծեծուջարդի ենթարկվողները Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները չէին՝ ինչպես, օրինակ, Մարտի 1-ին էր, ավելին՝ այդ տուժողները այսօր քաղաքական հակառակ ճամբարում են, կարելի է ասել՝ Փաշինյանի պոտենցիալ ընդդիմությունն են: Հետևաբար, այս հարցում նոր իշխանությունները մինչև վերջ գնալու և գլուխ ցավեցնելու ցանկություն դժվար թե ունենան:
Բացի այդ, եթե ՀՔԾ բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում չի կարողանում գտնել երկու տարվա վաղեմություն ունեցող հանցագործության մեջ մեղավորներին, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Մարտի 1-ի քրեական գործն արդեն իսկ բացահայտված է…
Ս.Խաչատրյան