ԵԿՄ-ում կռիվ է ընկել․ ներքին խմորումները նոր ընթացք են ստանում
ПолитическиеԵրկրապահ կամավորական միությունում ներքին խմորումները նոր ընթացք են ստանում։ Հոկտեմբերի առաջին կեսին տեղի ունենալիք ԵԿՄ համագումարին ու նախագահի ընտրություններին ընդառաջ՝ ակտիվ պայքար է մղում նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ Մինչդեռ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին հեռացնելուց հետո, մեծ մասը հաջորդ ղեկավար էր տեսնում ԵԼՔ խմբակցության անդամ Արամ Զավենի Սարգսյանին՝ թե՛ նրա համար, որ ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի եղբայրն է, թե՛ ունեցած մաքուր անցյալի․ այս կարծիքին է նաև ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրները հայտնում են, որ Արամ Սարգսյանը նեղսրտել է Սասուն Միքայելյանի նպատակներից, քանի որ շատերն իրեն են տեսնում ԵԿՄ նախագահ, իսկ Սասուն Միքայելյանն էլ, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, երկակի խաղ է խաղում՝ մամուլում անընդհատ հայտարարելով, թե իբր ԵԿՄ նախագահ դառնալու նկրտումներ չունի և թող իր թեկնածությունն առաջադրող տղաները «մի փոքր էլ համբերեն»։
Այս համատեքստում կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս. մեզ փոխանցեցին, որ Սասուն Միքայելյանի թեկնածությանը կողմ է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, որի հետ Միքայելյանի ընկերական կապը տասնյակ տարիների պատմություն ունի: Առջևում խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, իսկ այդ կապի շնորհիվ ՀՀԿ-ն գուցե նորից ստանա ԵԿՄ-ի աջակցությունը, որը հզոր կառույց է թե՛ իր ընտրազանգվածով, և թե՛ իր ռեսուրսներով։