Հաղթական հեղափոխությունը շարունակվում է

Հայաստանյան քաղաքական դաշտում սկսել է ձևավորվել հետաքրքիր և կառուցողական մթնոլորտ։
Այսօր ստորագրված Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խոսում է այն մասին, որ Հայաստանում երկու ազդեցիկ գործիչներ մեկ նպատակ են որդեգրել՝ ժողովրդի պահանջած հանգուցալուծումն իրականացնել՝ լոզունգ դարձած սիրո և հանդուրժողականության մթնոլորտում։
Իրականում, հուշագրի ստորագրումն իր մեջ միայն դրական մոտիվացիա է պարունակում։ Հավանաբար, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հասկացավ, որ տոտալ վերահսկողությամբ, ասֆալտներին պառկեցնելով և ամեն ինչ տիրապետողի դիրքերից վերահսկելու պարագայում՝ երկրի ներսում մթնոլորտը կսառի, փոխարենը՝ քաղաքական հանդիպումները կարող են թարմություն բերել և ոչ միայն թույլ տալ սեփական թիմակիցների առաջխաղացումը, այլ նպաստել առավել ընդգրկուն դաշտ ձևավորվելուն։
Այսպես. Գագիկ Ծառուկյանը կունենա լծակներ և քաղաքական կամք՝ բիզնես միջավայրի զարգացման համար: Ինչպես խոստացել էր, սեփական բիզնես-ծրագրերը կյանքի կոչելուն զուգահեռ՝ նա 5000 ներդրող կհրավիրի Հայաստան, իսկ Նիկոլ Փաշինյանն իր անարյուն հեղափոխությունը կկարողանա ամուր հիմքերի վրա դնել՝ բարձր պահելով Հայաստանի վարկանիշը։
Չէ՞ որ աշխարհը դեռ այսպիսի հեղափոխություն չէր տեսել։
Հանդիպման ժամանակ տպավորիչ էր նաև Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Ակնհայտ էր, որ այս հուշագիրը արդյունք էր «գործընկերների պայմանավորվածության» և ոչ թե քաղաքական տարբեր բևեռների. իզուր չէ, որ Փաշինյանն ընդգծեց՝ «պատկերացումները համընկնում են»։ Հետևաբար, կստեղծվի մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի հաղթական հեղափոխությունը շարունակել։
Այս հուշագիրը նաև մեծ պատասխանատվություն դրեց երկու կողմերի առջև, քանի որ խոսելու և հայտարարությունների փուլն անցել է, եկել է խոստացածն իրականություն դարձնելու շրջանը, ու այս դեպքում յուրաքանչյուր վրիպում կարող է հանգեցնել բողոքի ալիքի։
Այնպես որ՝ քաղաքական պրոցեսները քիչ-քիչ մոտենում են ավարտին և գալիս է մենեջմենթի ժամանակը։