Նոր ավագանին՝ հին «կիքսերով»
АналитическийԵրևանի ավագանին այսօր գումարեց անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ: Այսպես՝ Ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ, անկուսակցական Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը: Իրավական հանձնաժողովը կնախագահի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, նախագահի տեղակալն էլ անկուսակցական Գայանե Մելքոմ Մելքոմյանն է, ով, սակայն, ավագանու անդամ է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցանկով: Վերջինս, ի դեպ, բավական ուշագրավ գրառում է կատարել ֆեսյբուք սոցիալական ցանցում՝ օգտատերերից մեկի հետ բանավեճի ընթացքում բառացիորեն արտահայտելով հետևյալ միտքը՝ «ԱՄն կամ որևէ այլ արևմտյան զարգացած երկիր օրինակ բերելիս մի մոռացեք հետևից ավելացնել նաև՝ թե հատկապես ո՞ր արևելյան կամ հարավային երկրից գողանալով ու հարստահարելով են տենց կատարյալ ու էտալոն դարձել»:
Իհարկե, Մելքոմյանն ունի իր սեփական կարծիքն արտահայտելու լիարժեք իրավունք, սակայն արդյո՞ք քաղաքապետարանի պաշտոնյայի նման գնահատականները տհաճ իրավիճակի մեջ չեն դնի նրա թիմակիցներին: Հասկանալի է, որ միջպետական մակարդակում մենք լուրջ խնդրի չենք բախվի, սակայն Երևանին վերաբերվող լոկալ, ասենք՝ ծրագրերի ֆինանսավորման հարցում ամերիկացի գործընկերները կարող են որոշակիորեն մտափոխվել՝ հաշվի առնելով պաշտոնյայի՝ նման արտահայտությունը: Մելքոմյանի մեկ այլ գրառման մեջ կարդում ենք՝ «Մենք մտել ենք բարդ ու երկարատև պայքարի մեջ, ու հաճախ ներքին աշխատանքն ավելի դժվար է, բայց ավելի արդյունավետ, քան հրապարակայնորեն ասված որևէ խոսք կարող է լինել»:
Թերևս խնդրի արմատը հենց այստեղ է, և սա վերաբերվում է Փաշինյանի թիմի բոլոր անդամներին՝ հրապարակային ասված խոսքի հետևանքները թերագնահատելու պատճառով արդեն իսկ հրաժարականներ են եղել, բազմաթիվ պաշտոնյաներ ստիպված են եղել մեղայականներով հանդես գալ, որոշներն էլ «ջրից չոր են դուրս եկել»՝ չնայած Փաշինյանին մատուցած «արջի ծառայություններին»:
Թվում էր, թե նորերը պետք է որ արդեն սովորած լինեին քիչ թե շատ թրծված գործընկերների սխալների վրա…