ՀՀԿ բարքերը շարունակվում են. երկրում իրավիճակ չի՞ փոխվել
ՎերլուծականԱրմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում. Համացանցում է հայտնվել ձայնագրություն, որում Գասպարյանի հայրը սպառնացել է քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանին։ Պատճառը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցում Մանուկյանի գրառումը։
Դիանա Գասպարյանն արդեն իսկ պարզաբանել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ իր հայրը զանգել է Մանուկյանին.ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն, մասնավորապես, ասել է. «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ հայրս չէր հասնելու Ֆրանսիա եւ Գեւորգ Մանուկյանի ոտքերը չէր կոտրելու: Դա ընդամենը արտահայաություն է, որը մարդիկ անընդհատ օգտագործում են: Դա չի նշանակում բառացի գնալ եւ ոտք ջարդել բնականաբար, հատկապես, երբ Գեւորգ Մանուկյանը Ֆրանսիայում է» :
Ստացվում է՝ Դիանա Գասպարյանի հորը քաղաքացու ոտքերը ջարդելուց հետ է պահել միայն Մանուկյանի՝ ֆիզիկապես հեռու գտնվելու փաստը, հակառակ դեպքում՝ սպառնալիքները իրագործվելու մեծ հավանականություն կունենային: Սիրո և հանդուրժողականության հեղափոխության անվան տակ եկած պաշտոնյաները կարծես թե չեն ցանկանում հրաժարվել նախորդ իշխանություններին բնորոշ վարք ու բարքից, գլուխներ և ոտքեր ջարդելու դառը ավանդույթից: Միևնույն ժամանակ, ամբիոնին մոտենալիս, այս պաշտոնյաները և նրանց վերադասները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ երկրում իրավիճակ է փոխվել: Իսկ իրական, ամենօրյա զարգացումները գալիս են ապացուցելու, որ Նոր Հայաստանը դեռևս բաժակաճառերի մակարդակից այն կողմ չի անցել, եթե, իհարկե, Նոր Հայաստան ասելով՝ նկատի չունեին հինը, սակայն՝ ավելի դուխով…